Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Հայկական բարձրավանդակից քաղաքական այլակենտրոն գետեր են հոսում, ցավոք, հայակենտրոն վտակներն են քիչ

Հայկական բարձրավանդակից քաղաքական այլակենտրոն գետեր են հոսում, ցավոք, հայակենտրոն վտակներն են քիչ
11.08.2026 | 17:43

Աշխարհը շատ արագ է փոխվում։ Այնքան արագ, որ ժողովների որոշումների բանաձևումները ավարտվելու պահին իսկ հնացած են։

Երեկ չէ առաջին օրը ԱՄ Նահանգները Իսրայելի հետ, թվում է, հաղթել էին։ Երեկ տպավորություն էր, որ հաղթել է Իրանը, կամ պյուռոսյան է ԱՄՆ հաղթանակը։ Այսօրվա Պակիստան -Թուրքիա-Սաուդյան Արաբիայի դաշինքը մեկ այլ նոր իրողություն է։ Չինաստանի տնտեսական և տեխնոլոգիական էքսպանսիան հաստատուն ու հարաճուն այնպիսի մի նոր փաստարկ է, որի հետ չեն կարող հաշվի չնստել և ոչ մեկը` պետություն լինի, թե որևէ ռազմաքաղաքական դաշինք։

Բազմաթիվ ծանոթներ ունեմ, ովքեր վստահ էին, որ Ռուսաստանի նման մարտունակ ու պատերազմներով կոփված, տնտեսապես, մարդուժով և ռազմուժով մի քանի անգամ հակառակորդին գերազանցող երկրի հարձակումը Ուկրաինայի վրա ավարտվելու է առաջինի կայծակնային հաղթանակով։ Բայց ինչպես ԱՄ Նահանգներն ու Իսրայելը չհաղթեցին Իրանին, այնպես էլ Ռուսաստանը չի կարողանում լուծել իր առջև դրված խնդիրները։ Ավելին։ Այս պատերազմների արդյունքում Ուկրաինան ու Իրանը ավելացնում են իրենց տարածաշրջանների վրա ազդեցությունը, իսկ Ուկրաինան դառնում է Եվրոպայի ամենակայուն ուժային կենտրոններից մեկը։

Ես, իմ պատանեկության տարիներից մինչ օրս, Մոսադի կամ Ցախալի վերաբերյալ միայն գերադրական աստիճանով եմ լսել կամ կարդացել։ Այս պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի են նրանք, և որքան խոցելի են ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը։ Մի եզրահանգում է կախվել օդում` նա, ով չի ուզում պարտվել, նրան անհնար է հաղթելը։

Այդպիսին էինք և մենք, մինչև որ «թավշյա հեղափոխությունը» ներսից սովորեցրեց մեզ պարտվել ու հպարտանալ պարտությամբ։

Հայկական բարձրավանդակից քաղաքական տարբեր գետեր են հոսում` հիմնականում, ցավոք, երկու կողմնորոշումով` Արևմուտք և Ռուսաստան։ Ցավոք, որովհետև հիմնարար հայակենտրոն վտակներն անգամ քիչ են։

Այդ գետերի միացման կետում իշխող ուժը տեղադրել է իր ութամյա ահագնացող ջրաղացը, որին նույնացնում է Հայաստանի Հանրապետության հետ, և, կապ չունի, թե որքան մաքուր են կամ չեն քո ջրերը, քննադատու՞մ ես, թե՞ դատափետում, կո՞ղմ ես, թե՞ աջակից. բոլոր ջրերը աղում են ՔՊ ցորենը և Հայաստանը տանում իր դարավոր թշնամի թուրքի գիրկը։

Պաղեստինցին, Գազայի բնակիչը, ուկրաինացին, իրանցին որոշեցին կռվել աշխարհի հզորների դեմ, իսկ մենք, զզվելի քաղտեխնոլոգիաների ու ապաշնորհ իշխանությունների իրականացրած քաղաքականության արդյունքում, որոշեցինք նետվել թշնամու գիրկը։

Երեկ կարծում էինք, որ մի մարդ էր մեղավոր։ Այսօր տեսնում ենք, որ այդ մարդուն երեք անգամ ընտրում են առնվազն յոթ հարյուր հազար` մեզ բարեկամ ու ծանոթ։ Ավելին։ Եթե այդ մարդը իրեն մի քիչ նորմալ պահեր, հիմարություններ դուրս չտար, չհարձակվեր քաղաքացիների վրա, նրանց մահը չցանկանար, ապա` մեկ միլիոն մարդ էլ կարող էր ընտրել նրան։

Սա աշխարհաքաղաքական թակարդ է, որում հայտնվել ենք երկու ոտքով, և առաջիկա տարիների քաղաքական բոլոր քննարկումները ուժեղացնելու են ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ ՔՊ ջրաղացը։

Մանդատները վերցնելը կանխատեսելի էր, և եթե որոշել եք այդ ձևով պայքարել հանուն Իսկական, և ոչ «իրական» Հայաստանի, ես ձեզ հասկանում եմ։ Հեշտ չէ ձեր ճամփան, քանզի յուրաքանչյուրիդ վրա կախված է առնվազն ձերբակալվելու ու թանկագին տարիները բանտում անցկացնելու վտանգը։ Յուրաքանչյուր պատգամավոր հասկանում է, որ վաղը, նույնիսկ այսօր կարող է հայտնվել Արեգնազ Մանուկյանի կամ Գագիկ Ծառուկյանի կարգավիճակում։ Իսկ, աշխարհաքաղաքական բաժանումների ու կողմնորոշումների արդյունքում, ձերբակալողների թիկունքում կանգնած են թե Եվրոպան, թե ԱՄ Նահանգները։ Ասել է` քաղաքակիրթ աշխարհը։

Իսկ նրանք, ում թիկունքում կանգնած է Ռուսաստանը, ճիշտն ասած, շատ բարդ վիճակում են, որովհետև վերջինս շարունակում է սեղմվել, զիջել, աշխարհում` նահանջել՝ հանուն ուկրաինական ճակատի։ Այդ նահանջումի զոհերն են, օրինակ, սերբերը, սիրիացիները և ռուսական գահին ամենահավատարիմ արցախցիները կամ մենք բոլորս, և մեր հայրենակիցները` ադրբեջանական կամ հայկական քաղաքական բանտախցերում։

Ո՞րն է ձեր նպատակը։ Եթե կարծում եք, որ ՔՊ պատգամավորների հետ Հայաստան կփոխեք, ապա հաջողություն ու ամուր կամք ձեզ` ձեր բարի, դժվարին գործում։ Սակայն նրանք, ովքեր ուզում են իրենց վտակ-գետակները մաքրել, ջուրը պարզեցնել, լծվել Իսկական Հիմնարար Հայակենտրոնությանը, ապա, դուրս հանեք ձեր վտակները այդ ջրաղացից, դադարեք ջուր լցնել նրա կործանարար անիվին, Իշխանությունից դուրս գալով է, որ կստեղծեք այն այլընտրանքը, որը վաղը կերտելու է Նոր Հայաստան, ինքն իրենով Հայաստան, Իսկական Հայաստան։

Իշխանությանը մասնակցելու պրոցեսում դուք կորցնում եք ձեր դարավոր հմայքն ու հեղինակությունը, ձեր համաշխարհային նշանակությունը, ձեր սերունդների հերոսության արդյունքում ձեռք բերած փայլը:

Դառնում եք սովորական, մինչդեռ լեգենդ էիք, տեղական, մինչդեռ համաշխարհային էիք, կուսակցական, մինչդեռ վերկուսակցական էիք։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 233

Մեկնաբանություններ